Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն ընդամենը կարեկցում է իշխող կուսակցությանը, քանի որ 2013թ.-ի սեպտեմբերի 3-ին նրանք ստիպված են ասել այն, ինչին իրենք էլ չեն հավատում: Այսօր՝ նոյեմբերի 10-ին, Աժ-ում Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարության մասին օրինագծի քննարկման ժամանակ, ընդդիմադիր պատգամավորը դիմեց զեկույցով հանդես եկող ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանին:
«Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալին նշանակեք՝ որպես ինտեգրման հարցերի պատասխանատու: Ուզո՞ւմ եք՝ տարեք երկու տեղակալ՝ եվրաինտեգրման, եվրասիաինտեգրման հարցերով: Անհասկանալի է՝ մի կողմից տարանջատում եք, մյուս կողմից միավորում նախարարություններ: Մեզ պարտադրո՞ւմ են ունենալ առանձին նախարարոթյուն եւ ինչո՞ւ մենք պետք է կուլ գնանք»,- հարցրեց Արզումանյանը:
Արփինե Հովհաննիսյանին այս հարցը զարմացրեց. ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ ինքը որեւէ պարտադրանքի եւ ճնշման մասին տեղեկատվություն չունի:
«Ամեն դեպքում ինքս նման տպավորություն չեմ ստացել: Այստեղ խոսքը գնում է քաղաքական անհրաժեշտության մասին, քաղաքական համարժեք պատասխան տալու եւ հսկայական աշխատանք է, հսկայական պայմանագրեր եւ այստեղ միասնականության կարիք կա»,- նշեց պատգամավորը:




























