Նոյեմբերի 10-ի Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարի հետ կապված ձերբակալվել է երթուղային «Գազելին» բախված «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ.Վարդանյանը։ Այս մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեն։

Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումները վթարի բոլոր հանգամանքները, ինչպես նաեւ տուժած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը նոյեմբերի 10-ի երեկոյան՝ ժամը 19։15-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Երևան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով «Գազելը» պայթել է։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պահին «Գազելի» մեջ եղել է 14 ուղեւոր, որոնցից 7-ը տեղում մահացել են, իսկ 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն։ Վիրավորների թվում կա նաեւ 14 տարեկան երեխա, որի վիճակը գնահատվում է ծանր։