Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային փոխնախագահ Լորա Թակի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահը ողջունել է հյուրերին եւ ընդգծել, որ Հայաստանում բարձր են գնահատում Համաշխարհային բանկի խմբի՝ որպես գործընկեր եւ մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում անգնահատելի ավանդ ունեցող կառույցի հետ դեռեւս 1992 թվականին սկիզբ դրված համագործակցությունը: Համաշխարհային բանկը, Սերժ Սարգսյանի հավաստմամբ, Հայաստանում երբեւէ չի դիտարկվել սոսկ որպես ներդրումային ծրագրեր ֆինանսավորող կազմակերպություն, այլ նաեւ տնտեսական բարեփոխումների եւ մարդկային կարողությունների զարգացմանն աջակցող գործընկեր, ում օժանդակությունը՝ միջազգային լավագույն փորձի եւ առանձին ոլորտներում մասնագիտական գիտելիքների փոխանցմամբ, առանձնակի կարեւորություն ունի:

ՀԲ տարածաշրջանային փոխնախագահն ընդգծել է, որ բանկը մեծագույն հաճույքով եւ պատրաստակամությամբ է համագործակցում Հայաստանի հետ, որպես մի գործընկերոջ, որը նաեւ լավագույն կատարողական վարկանիշն ունի տարածաշրջանում եւ ուրախ է այսուհետ եւս շարունակելու օժանդակությունը երկրին՝ նպատակ ունենալով բարձրացնել Հայաստանի քաղաքացիների կենսամակարդակն ու նվազեցնել աղքատությունը:

Լորա Թակը նշել է, որ Եվրասիական տնտեսական միությանը միանալուց հետո Հայաստանի համար նոր ու հետաքրքիր ժամանակներ են սկսվում, եւ Համաշխարհային բանկը պատրաստակամ է այդ հարցում եւս օժանդակել երկրին՝ ճիշտ գնահատելու նոր հնարավորությունները, լավագույնս օգտվելու դրանցից եւ հնարավորինս նվազեցնելու մարտահրավերները:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Համաշխարհային բանկի հետ Հայաստանի համագործակցության առաջնահերթ ուղղություններն ու աջակցության հնարավոր ծրագրերը: