5 մլն դոլար արժողությամբ ջութակը գողացողը, որ պատրաստել է իտալացի հայտնի վարպետ Անտոնիո Ստրադիվարիուսը, 7 տարվա ազատազրկման է դատապարտվել: Նման դատավճիռ է կայացրել ամերիկյան Միլոուքի քաղաքի (Վիսկոնսին նահանգ) դատարանը:

Բացի այդ, բանտից դուրս գալուց հետո 42-ամյա Սալահ Ջոնսը եւս 5 տարի ոստիկանության հսկողության տակ կլինի:

Ըստ ՏԱՍՍ գործակալության, հետաքննությունը պարզել է, որ գողությունը կատարվել է այս տարվա հունվարին, Միլոուոքիի լյութերական քոլեջի ավտոկայանատեղիից, որտեղ քաղաքի Սիմֆոնիկ նվագախուբը համերգ էր տալիս: Հանցագործը կաթվածահար է արել կոնցերտմեյստեր Ֆրենկ Էլմոնդին, նրանից գողացել ջութակը եւ դիմել փախուստի: 9 օր անց ոստիկաններին հաջողվել է ջութակը հայտնաբերել քաղաքի մասնավոր տներից մեկի խորդանոցում: Գործիքն անվնաս վերադարձվել է տիրոջը:

Գողացված գործիքը պատրաստվել է 1715 թվականին, երաժշտական շրջանակներում հայտնի է որպես Լիպինսկիի ստրադիվարիուս՝ տերերից մեկի անունով. լեհ վիրտուոզ-ջութակահար եւ կոմպոզիտոր Քարոլ Լիպինսկիի (1790-1861թ.թ.): Մինչ այդ գործիքը պատկանել է իտալացի ջութակահար Ջուզեպպե Տարտինիին (1692-1770թ.թ.):