Ռուսաստանն ու Չինաստանը կզբաղվեն տրանսպորտային նոր ծանր ուղղաթիռի մշակմամբ, փոխանցում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեեւին:

Թռիչքա-տեխնիկական բնութագրերը եւ նոր ուղղաթիռի տեխնիկական պատկերը կողմերը մտադիր են որոշել մինչեւ 2015թ. փետրվարը: «Այժմ մենք մշակում ենք կողմերի համագործակցության եւ պատասխանատվությունը կիսելու ծրագիր», հայտարարել է Միխեեւը:

Սպասվում է, որ առաջիկա 2-3 ամիսներին կողմերը նախագծի վերաբերյալ առարկայական բանակցություններ կսկսեն: Ուղղաթիռի համատեղ մշակման նախնական պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2014թ. հուլիսին: Այն ժամանակ խոսքը մինչեւ 15 տոննա բեռնատարողությամբ սարքի մասին էր: Ենթադրվում էր, որ նոր ուղղաթիռը դեռեւս 1980-ականներին մշակված Մի-26-ի արդիականացված տարբերակը կդառնա: