Երեւան-Գյումրի ճանապարհին երեկ՝ նոյեմբերի 10-ին, վթարի ենթրակված բեռնատարի վարորդը՝ Մանվել Վարդանյանը, եղել է սթափ վիճակում։ Այս մասին հայտնեցին ոստիկանությանը մոտ կանգնած NEWS.am-ի աղբյուրները։

Մեր տեղեկություններով, 44-ամյա վարորդն ապրում է Հրազդան քաղաքում եւ հրաժարվել է փաստաբանի ծառայություններից։ Նրա վարած բեռնատարը պատկանել է «Իդեալ» ընկերությանը: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին «Իդեալ» ընկերությունում։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, նոյեմբերի 10-ի երեկոյան՝ ժամը 19։15-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Երևան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով «Գազելը» պայթել է։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պահին «Գազելի» մեջ եղել է 14 ուղեւոր, որոնցից 7-ը տեղում մահացել են, իսկ 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ «Գազելին» բախված «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ.Վարդանյանը, ձերբակալված է: