Չինաստանում ԱԽՏՀ գագաթաժողովի ընթացքում Պուտինի ասպետական արարքը գրավել է ամերիկյան CNN գործակալության թղթակցի ուշադրությունը, փոխանցում է Russian Today-ը:

Աղբյուրը նշում է, որ Պուտինը ՉԺՀ առաջին տիկնոջ ուսերին շալ է գցել: Դրվագը տարածվել է սոցցանցերում: Twitter-ում հեռուստաալիքի էջում հետեւյալ գրառումն է հայտնվել.  «Շփում՝ շալի միջոցով: Ահա ինչ պատահեց, երբ Պուտինը փորձեց տաքացնել ՉԺՀ առաջին տիկնոջը»: Երբ ՌԴ նախագահը շալ է գցել ՉԺՀ առաջի տիկնոջ ուսերին, վերջինս ժպտացել է, սակայն մեկ րոպե անց այն հանձնել է թիկնապահներից մեկին:

Աղբյուրը նշում է, որ CNN-ը միակ խոշոր լրատվամիջոցն է, որն այդքան ուշադիր հետեւում է Ռուսաստանի նախագահի  շարժուձեւին եւ որը նույնիսկ փորձել է նրա արարքում քաղաքական ենթատեքստ տեսնել:  «Մինչ այժմ անհասանալի է, թե որոնք են եղել Պուտինի շարժառիթները: Արդյոք նա ցանկացել է ջերմությո՞ւն հաղորդել Մոսկվայի եւ Չինաստանի հարաբերություններին, թե՞ պարզապես սառը օդն է դեր խաղացել» − մեջբերում է աղբյուրը հեռուստաալիքի հոդվածից մի դրվագ: