Եթե ՀՀ կառավարությունը  ՀՅԴ-ին դիմի ընդդիմության կողմից ներկայացված  12 կետանոց պահանջների վերաբերյալ ճանապարհային քարտեզ ստեղծելու հարցով, ապա մենք պատրաստ կլինենք քննարկել այդ կետերի փուլառփուլ իրագործման հնարավորությունը: Այս մասին նոյեմբերի 11-ին լրագրողներին հայտնել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Ըստ նրա՝ 12 կետերի շրջանակում իրենք արդեն հաջողության հասել են «Նաիրիտ» ՓԲԸ-ի մասով, քանի որ խորհրդարանում ստեղծվելու է քիմիական երբեմնի հսկայի հարցով ժամանակավոր հանձնաժողով, որն զբաղվելու է այդ ձեռնարկության աշխատակիցների իրավունքներով:  «Մեզ չի հետաքրքրում, թե կառավարությունն ինչ ձեւաչափով կիրականացնի ներկայացված 12 կետերը: Կարեւոր չէ, թե ով ինչպես դա կանի.  «զիջումներով», «ճնշումներով»: Անկեղծ ասած, դա երկրորդական հարց է», - ասել է Մինասյանը: Պատգամավորը նաեւ ասել է, որ ընդդիմության 12 կետերի վերաբերյալ կառավարության պատասխանը հիշեցրել է մուլտֆիլմի հերոս Վին պինգվինի վարքը:  «Մենք ակնկալում ենք, որ կառավարությունը կփոխի կեցվածքը երկխոսության ընթացքում», - նշել է Արծվիկ Մինասյանը: