Շիրակի մարզում նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի պատճառները կպարզեն նշանակված փորձաքննությունները: Այս մասին NEWS.am-ին ասաց Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը:

Նա պատմեց, որ բեռնատարի վարորդը երկրորդական ավտոճանապարհից կանգառ նշանի առկայության պայմաններում մուտք է գործել գլխավոր ավտոճանապարհ՝ Երեւան-Գյումրի ավտոմայրուղի, իսկ միկորավտոբուսն արագությամբ եկել, հարվածել է բեռնատարին: Ասլանյանի խոսքով՝ նախնական տվյալներով հավածից հետո պայթել են միկրոավտոբուսի գազի բալոնները. «Միկրոավտոբուսն ամբողջությամբ այրված է, թվացյալ է, որ պայթել են գազի բալոնները, սակայն միայն փորձաքննության արդյունքները ցույց կտան, թե ինչ է իրականում տեղի ունեցել»:

Հարցին, թե արդյոք վարորդները գերազանցել են արագությունը եւ ճիշտ են տեղեկությունները, որ ճանապարհի այդ հատվածում բացակայում են համապատասխան նշաննները, Շիրակի դատախազը պատասխանեց. «Այս տեղեկությունների մասին մեկնաբանություններն ավելորդ են այս պահին, քանի որ համապատասխան փորձաքննությունների արդյունքները դեռ հայտնի չեն: Ինչ վերաբերվում է նշաններին, ապա ինքս երեկ եղել եմ դեպքի վայրում, իսկ անհրաժեշտ «կանգառ» նշանն առկա է եղել: Ամեն դեպքում նախաքննության ընթացքում դա էլ քննարկման առարկա կլինի»:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը նոյեմբերի 10-ի երեկոյան՝ ժամը 19։15-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Երևան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով «Գազելը» պայթել է։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պահին «Գազելի» մեջ եղել է 14 ուղեւոր, որոնցից 7-ը տեղում մահացել են, իսկ 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ «Գազելին» բախված «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ.Վարդանյանը, ձերբակալված է: