Հայաստանը եղել եւ մնում է Լեռնային Ղարաբաղի անվտանգության ու անկախության երաշխավոր: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, խորրդարանում հայտարարեց խորհրդարանի փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Զարուհի Փոստանջյանի ներկայացրած «Լեռնային Ղարաբաղի (Արցախի) եւ Հայաստանի Հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը:
Շարմազանովը փաստեց, որ միակողմանի ճանաչումը կխոչընդոտի բանակցային գործընթացին: Մյուս կողմից, նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները մեկ անգամ չէ, որ բարձր մակարդակի հարթակներում՝ Նյու-Յորքում եւ Ստրասբուրգում, հայտարարել են, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության երաշխավորն է: «Մենք բավականին շատ աշխատանքներ ենք տարել, որպեսզի մեր գործընկերները հասկանան, որ Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչումը այլընտրանք չունի: Շոտլանդիայի հանրաքվեն ապացուցեց, որ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը անվիճելի է», - ընդգծեց Շարմազանովը:




























