Միջազգային տնտեսական ինտեգրացիայի նախարարության ձեւավորումը անհրաժեշտություն էր Հայաստանի համար: Այս մասին նոյեմբերի 11-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:

Ըստ նրա՝ կարելի էր շատ ավելի վաղ ստեղծել նման նախարարություն, քանի որ Հայաստանը պետք է կառավարի եւ ճիշտ կառավարի ինտեգրացիոն գործընթացները: «Ինչ վերաբերում է տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունների միավորմանը, ապա արդեն ավանդույթ է դարձել, որ տարին  կամ երկու տարին մեկ անգամ փոխվում են գերատեսչությունների անվանումները կամ դրանք միավորվում են: Դա անվանում են կառուցվածքային փոփոխություններ, որոնց վրա 23 տարվա ընթացքում ծախսվել է   205 մլն դոլար վարկ», - նշել է Սարգսյանը: Նա ընդգծել է, որ պետք է վերջապես հասկանալ, թե ինչպիսի համակարգ է անհրաժեշտ երկրին: Քաղաքական գործիչը չի հասկանում տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունների միավորման իմաստը, քանի որ  դրանք բավական տարբեր գործառույթներ են իրականացնում: