Մեծ Բրիտանիայում անցկացված հարցումը ցույց է տվել, որ այդ երկրի բնակիչների մեծ մասը՝ հարցվածների 60%-ը, համոզված են, որ կրոնն ավելի շատ վնաս է բերում, քան օգուտ:
Կրոնի հանդեպ վերաբերմունքի շուրջ անցկացված վերջին հարցումը, որն անցկացրել են Մեծ Բրիտանիայի Huffington Post հրատարակությունն ու շուկաների հետազոտության մեջ մասնագիտացած «Survation» ընկերությունը, բավական անսպասելի արդյունքներ է արձանագրել: Ըստ Metro-ի, բրիտանացիների մեծ մասը հայտարարել է, որ ներկայում կրոնն ավելի շատ վնաս, քան օգուտ է բերում:
Այսպես, հարցվածների 60%-ը կարծում է, որ կրոնը վնասակար է հասարակության համար: Ամենահետաքրքիրն այն է, որ նրանց հետ համաձայն է կրոնավորների 20%-ը. նրանք ենթադրում են, որ կրոնը «բռնության, անհանդուրժողականության եւ այլ չարիքի» պատճառն է:
FedPost-ի փոխանցմամբ, 2004 հարցվածների ավելի քան մեկ քառորդը հաղորդել է, որ, իրենց կարծիքով, աթեիստներն ավելի բարի են, քան աստվածավախ մարդիկ: Իսկ 55%-ը վստահ է, որ մարդու բարոյական հատկանիշները կախված չեն այն հանգամանքից, նա կրոնավոր է, թե՝ ոչ:
Հետազոտողներին ապշեցրել է նաեւ այն փաստը, որ ոչ թե տարեցները, այլ երիտասարդներն են կարծում, որ կրոնն օգտակար ու անհրաժեշտ է աշխարհին: Այս պնդմանը համակարծիք է 18-24 տարեկան բրիտանացիների 30%-ը՝ ի տարբերություն հարցմանը մասնակցած 55-64 տարեկան 19%-ի:
Հարցման արդյունքներին ծանոթացած փորձագետները մի շարք պատճառներ են մատնանշել, որոնք Մեծ Բրիտանիայի բնակիչներին ստիպել են երես թեքել կրոնից եւ եկեղեցու ծառայողներից: Որպես օրինակ նրանք նշել են կաթոլիկ հոգեւորականների մասնակցությամբ սեռական բնույթի սկանդալները, կանանց եւ նույնասեռականների հանդեպ կրոնական անհանդուրժողականությունը, կրոնական պատերազմները:




























