Գյումրի- Երևան Մ-1 ավտոճանապարհի 107-րդ կիլոմետրում՝ Հոռոմ գյուղի խաչմերուկում, որտեղ նոյեմբերի 10-ին՝ ժամը 19:20-ի սահմաններում, տեղի է ունեցել ավտովթար, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի և ՀՀ ճանապարհային ոստիկանության համատեղ որոշմամբ՝ երթևեկությունը կարգավորելու համար տեղադրված են եղել ճանապարհային երթևեկության բոլոր անհրաժեշտ նշանները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հարցմանն ի պատասխան հայտնել են Տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայությունից:
Մասնավորապես, Մ-1 ավտոճանապարհի վրա տեղակայված է 2.1 «Գլխավոր ճանապարհ» ճանապարհային նշանը, իսկ Հ-21 ավտոճանապարհի վրա՝ մինչև Մ-1 ավտոճանապարհի խաչմերուկին մոտենալը, հաջորդաբար տեղակայված են 70, 50, 30 նշանակություններով 3.24 «Առավելագույն արագության սահմանափակում» ճանապարհային նշաններ, իսկ դրանցից հետո՝ խաչմերուկին մոտ տեղակայված են 2.4 «Զիջեք ճանապարհը» և 2.5 «Երթևեկությունն առանց կանգառի արգելվում է» ճանապարհային նշանները:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հանձնարարությամբ արդեն 2 տարի գործում է աշխատանքային խումբ, որը ՀՀ ճանապարհային ցանցի ողջ երկայնքով կատարում է ճանապարհների վթարային և վտանգված հատվածների ուսումնասիրություն։ Գյումրի- Երևան ավտոճանապարհի տվյալ հատվածում ճանապարհային ծածկի վթարային իրավիճակ չկա։ Ասֆալտապատումը գտնվում է երթևեկության համար նորմալ վիճակում և չէր կարող վթարի պատճառ դառնալ։
«Գյումրի - Երևան» թիվ 359 միկրոավտոբուսային երթուղով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպության ընտրության մրցույթը կայացել է 2013թ հունիսի 28-ին: Այդ երթուղում ընդգրկված միկրոավտոբուսները լիարժեք համապատասխանում են ՀՀ կառավարության թիվ 762 որոշմամբ սահմանված մրցութային կարգի պահանջներին։
Վթարի ենթարկված միկրոավտոբուսը վերջին տեխնիկական զննությունն անցել է 2014թ. հոկտեմբերի 29-ին։ Երթուղայինի վարորդը 1977 թվականից վարել է ավտոբուս, վերջին տասը տարում աշխատել է տվյալ երթուղում։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, նոյեմբերի 10-ի երեկոյան՝ ժամը 19։15-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Երևան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով «Գազելը» պայթել է։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պահին «Գազելի» մեջ եղել է 14 ուղեւոր, որոնցից 7-ը տեղում մահացել են, իսկ 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն, բոլորի ինքնությունները պարզվել են։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ «Գազելին» բախված «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ.Վարդանյանը, ձերբակալված է:




























