Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային փոխնախագահ Լորա Թակի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը ողջունել է հյուրերին եւ բարձր գնահատել Համաշխարհային բանկի հետ ծավալված ավելի քան 20-ամյա համագործակցությունը, որի շրջանակում լուրջ քայլեր են կատարվել մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, բարեփոխումների իրականացման եւ մարդկային կարողությունների հզորացման ուղղությամբ: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել այդ նպատակով ՀԲ-ի կողմից տրամադրված ֆինանսական եւ տեխնիկական հսկայական օժանդակության համար:
Զրուցակիցները հաջողված եւ արդյունավետ են գնահատել ՀՀ վարչապետի՝ ԱՄՆ կատարած աշխատանքային այցը, ապա քննարկել «Երկրի գործընկերության ներկա (2014-2017թթ.) ռազմավարության» իրականացման հետագա ընթացքը: Որպես Հայաստանի տնտեսական զարգացման առաջնահերթություններ՝ վարչապետը կարեւորել է, մասնավորապես, էներգետիկ, գյուղատնտեսական եւ ճանապարհային ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացումը: Երկուստեք կարեւորվել է նաեւ սոցիալական, տեսչական, ավիացիայի, հարկային ոլորտներում, ինչպես նաեւ գործարար միջավայրի բարելավման նպատակով իրականացվող բարեփոխումների շարունակականությունը:
ՀԲ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը Համաշխարհային բանկի հուսալի երկարաժամկետ գործընկերն է եւ գերազանց գնահատել մեր երկրի վարկային պորտֆելի կատարողականը: Լորա Թակն ընդգծել է, որ ՀԲ-ն պատրաստ է շարունակելու օժանդակությունն ինչպես ընթացիկ ծրագրերին, այնպես էլ ՀՀ կառավարության կողմից տնտեսական առաջնահերթություններ համարվող ոլորտներին:
Վարչապետը վերահաստատել է ՀՀ կառավարության հանձնառությունը՝ ընդլայնելու ՀԲ հետ համագործակցությունը եւ նշել, որ մեր ծրագրերը կշարունակեն պահպանել տարածաշրջանի ամենաբարձր կատարողական մակարդակը՝ հետեւողականորեն զարգացնելով տնտեսությունը եւ նվազեցնելով աղքատությունը:




























