Լեհաստանի անկախության օրվան նվիրված բազմահազարանոց երթը վերաճել է անկարգությունների: Լեհաստանի ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել՝ փակ դեմքերով հարյուրավոր մարդկանց ցրելու համար, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Աղբյուրը նշում է, որ խռովություններն սկսել են, երբ երթի մի խումբ մասնակիցներ բաժանվել են հիմնական երթից եւ սկսել քարեր նետել ոստիկանների վրա: Վիրավորվել են մի քանի ոստիկան եւ երթի մասնակից:
Աղբյուրը նշում է, որ Լեհաստանում նման երթերը չորրորդ տարին անընդմեջ վերաճում են բռնության: Անցյալ տարի երթի մի խումբ մասնակիցներ փորձել էին հարձակվել Վարշավայում Ռուսաստանի դեսպանատան վրա: Դրանից հետո Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին ստիպված էր եղել ներողություն խնդրել Ռուսաստանից:
Նոյեմբերի 11-ին Լեհաստանը նշում է պետական ինքնիշխանության վերականգնումը. 1918թ. Առաջին համաշխարհային պատերազմի հետեւանքով տարածքները, որոնք շուրջ 120 տարի բաժանված էին եղել Ռուսական կայսրության, Պրուսիայի եւ Ավստրո-Հունգարիայի միջեւ, միավորվել էին Լեհաստանի Երկրորդ Հանրապետությունում:




























