Քառյակի կողմի ներկայացված 12 կետերի վերաբերյալ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ քննարկման մասնակցելու մասին «Ժառանգությունը» առայժմ առաջարկ եւ հրավեր չի ստացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ երբ կոնկրետ հայտարարություն, առաջարկ լինի, այդ ժամանակ էլ կքննարկեն: Ինչ վերաբերում է Սահմանադրական բարեփոխումների հարցով քննարկումների մասնակցելուն, «Ժառանգության» անդամն ասաց, որ դեռ առաջարկ չի եղել, երբ լինի, դա էլ կքննարկեն:
Հիշեցնենք, որ Հանրապետության նախագահն առաջարկել է վարչապետին մեկ անգամ եւս խորհրդարանական ուժերի հետ քննության առնել նրանց կողմից առաջ քաշած 12 կետերը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը:
Նա նշել է, որ այս անգամ հատ առ հատ ու ավելի խորքային քննարկում կծավալեն: Կառավարությունը պատրաստ է առաջ գնալ այդ ճանապարհով, այսինքն վերցնել առաջ քաշված թեման, քննարկել մինչեւ վերջ, հասնել եզրակացությունների, նախանշել կատարվելիք քայլերն ու անցնել հաջորդ հարցին: Գոհար Պողոսյանի փոխանցմամբ՝ Ազգային Ժողովում այս օրերին ընթացող բյուջետային քննարկումներից հետո շաբաթվա վերջին վարչապետը պատրաստվում է առաջարկել քաղաքական ուժերին համապատասխան ձեւաչափով սկսել քննարկումները առաջին հարցի շուրջ, գալ եզրակացությունների, հանրությանը ներկայացնել համատեղ աշխատանքի արդյունքները եւ շարժվել առաջ:





























