Շիրակի մարզում նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ողբերգական ավթովթարի իրական պատճառները պարզելիս անհրաժեշտ է հաշվի առնել ճանապարհային երթեւեկության կարեւորագույն 4 բաղադրիչներ՝ տրանսպորտային միջոցի սարքինության վիճակը, երթեւեկության մասին վարորդի գիտելիքները, ավտոճանապարհի վիճակը եւ երթեւեկության կազմակերպումը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «ԱՔԻԼԵՍ» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը։

Նրա խոսքով հանրապետությունում վթարների պատճառը հիմնականում երթեւեկության կազմակերպման թերացումներն են։

«Մեզ մոտ չկա մի համալիր կառույց, որը կվերահսկի երթեւեկության կազմակերպման վիճակը»,- ասաց Էդուարդ Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ իր տեղեկություններով՝ Շիրակի վթարի պատճառը գազաբալոների պայթյունն է եղել՝ հավելելով, որ կառավարության որոշման մեջ գազաբալոնային սարքավորումների շահագործման վերաբերյալ պատշաճ տեղեկություններ կան, սակայն ոչ ոք դրանց չի հետեւում։ Այնուամենայնիվ, ՀԿ-ի նախագահը կարծում է, որ վթարի իրական պատճառը երթեւեկության վատ կազմակերպումն է եղել. «Մարզպետն ասաց, որ ճանապարհի այս հատվածում վթարներ շատ են լինում, դե թող միջոցներ ձեռք առնեն, երթեւեկության պատշաճ կազմակերպում ապահովեն»:

Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանն էլ կարծում է, որ պետք է անպայման պարզել, թե որտեղ եւ որ կազմակերպության կողմից է Շիրակում վթարի ենթարկված միկրոավտոբուսը լիցենզավորում ստացել, եւ արդյոք գազաբալոնի մաշվածությունն է վթարի պատճառը եղել:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ի երեկոյան՝ ժամը 19։15-ի սահմաններում, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Շիրակի մարզում. Երևան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել էր «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով «Գազելը» պայթել էր։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պահին «Գազելի» մեջ եղել է 14 ուղեւոր, որոնցից 7-ը տեղում մահացել են, իսկ 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ «Գազելին» բախված «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ.Վարդանյանը, ձերբակալված է: