Մեկ ամսվա ընթացքում Որոտանի կասկադի մասնավորեցման շուրջ բանակցությունները կավարտվեն: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, խորհրդարանում հայտարարեց էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը:

Նրա խոսքով՝ բանակցությունները շարունակվում են սակագնային քաղաքականության շուրջ: «Այն ավարտվելուն պես մենք հանգամանորեն կպատմենք բորոր մանրամասնությունները», - հայտարարեց նախարարը:

Հիշեցնենք, 2013թ. նոյեմբերի 27-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հավանություն էր տվել Որոտանի ՀԷԿ-երի համալիրը ամերիկյան Contour Global-ին վաճառելու գործարքին: Վերջինս պատրաստակամություն էր հայտնել  ներդնել 180 մլն դոլար:

«Որոտանի կասկադ ՀԷԿ»-ը կազմված է 3 էլեկտրակայաններից. Սպանդարյանի ՀԷԿ (հզորությունը՝ 78 մեգավատ), Շամբի ՀԷԿ (171 մեգավատ) եւ Տաթեւի ՀԷԿ (157.2 մեգավատ): «Որոտանի կասկադ ՀԷԿ» ՓԲԸ-ի 100%-անոց բաժնետերը Հայաստանի կառավարությունն էր: