Իշխանությունն ընդամենը ցանկանում է քննարկել կառավարությանը ներկայացված 12 կետերը եւ հնարավորինս լուծել խնդիրները: Այս մասին նոյեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք 12 կետերին վերադառնալու իշխանության ցանկությունը ընդդիմության կողմից ճնշումների հետեւանք է:
«Ի՞նչ անել, պատասխանել հարցին եւ ուրախացնե՞լ ընդդիմությանը: Մենք ցանկանում ենք քննարկել այդ կետերը եւ հնարավորինս դրանց լուծում տալ, առավել եւս ՝ առանց հանրահավաքների: Խորհրդարանական ուժերը մշտապես քննարկումներ են անցկացնում», - ասել է Սահակյանը: Ի պատասխան այն դիտարկմանը, թե նախագահն իր հարցազրույցում կողմնակիցներին կոչ է արել ընդդիմությանը թշնամաբար չվերաբերվել, այլ քննարկել նրա ներկայացրած առաջարկությունները, խորհրդարանի խոսնակը նշել է. «Սա մեր հանդուրժողականության հետեւանքն է, որ ընդդիմությունը կարող է անարգել հանրահավաքներ անցկացնել, այնպես որ մենք միշտ համբերատար ենք եղել եւ հանդուրժող»:





























