ԼՂՀ հարցում ԵԱՀԿ ՄԽ երկրները տարաձայնություններ չունեն, նոյեմբերի 12-ին ՆԱՏՕ-ի շաբաթվա միջոցառումների շրջանակում  ԵՊՀ-ում ուսանողա-դասախոսական կազմի հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:

Ըստ նրա՝ ղարաբաղյան հակամարտությունը շատ բարդ է կարգավորման տեսանկյունից:

«ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափում ընդգրկված երեք համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Ռուսաստանը, միասին աշխատում են այդ հիմնախնդրի ուղղությամբ, չնայած այլ հարցերում, օրինակ՝ Ուկրաինայի հարցում ունեցած տարաձայնություններին», - նշել է Հեֆերնը: Նա հավելել է, որ համանախագահ երկրները ԵԱՀԿ ՄԽ-ի ձեւաչափը փոխելու մտադրություն չունեն: «Մենք ցանկանում ենք պահպանել գործող ձեւաչափը», - ընդգծել է ԱՄՆ դեսպանը:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ զորքերի հնարավոր տեղակայման մասին հարցին՝ Ջոն Հեֆերնը նշել է.  «Եթե ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ զորքեր տեղակայվեն, ապա հարց կծագի՝ ով է ներգրավվելու այդ խաղաղապահ առաքելությունում: Հազիվ թե դա ՆԱՏՕ-ն լինի: Համենայն դեպս, անհրաժեշտ են խաղաղապահ ուժեր՝ հիմնախնդրի կարգավորման գործընթացի զարգացմանը զուգահեռ»: Նա եւս մեկ անգամ նշել է, որ ՆԱՏՕ-ն աջակցում է կողմերի ջանքերին՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը եւ սատարում ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից իրականացվող բոլոր գործընթացներին: