Հունաստանի հյուսիսում պեղումների ժամանակ հնագետները հայտնաբերել են Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակների դամբարան, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով տեղի Tovima թերթը:
Աղբյուրը նշում է, որ դամբարանը հայտնաբերվել է Վերգինա քաղաքում՝ հույն հնագետ Անգելիկա Կատարիդիի կողմից, որը գլխավորել է հնագույն Մակեդոնիայի առաջին մայրաքաղաք Էգիի մոտակայքում ընթացող հնագիտական աշխատանքները:
Գտածոյի հիմնական արժեքը մինչեւ մեր օրերը պահպանված հուղարկավորության պարագաների հավաքածուն է, որոնք ավելի ուշ ցուցադրվելու են Վերգինայի նոր թանգարանում: Ըստ Կատարադիի՝ ցուցանմուշների տվյալ հավաքածուն բացառիկ է, քանի որ Էգիի նեկրոպոլն ամբողջությամբ ավերված է եղել մ. թ. ա. 276 թ. արշավանքների ժամանակ:
Ալեքսանդր Մակեդոնացին կամ Ալեքսանդր Մեծը հին աշխարհի հզորագույն հրամանատար եւ պետական գործիչ է եղել: Նրա ստեղծած գերտերությունը ձգվել է Դանուբից մինչեւ Հնդկաստան եւ եղել Հին աշխարհի ամենախոշոր պետությունը:





























