Երկրաբաններն առաջին անգամ հասել են Յամալ թերակղզու տունդրայում հայտնաբերված խառնարանի հատակին, փոխանցում է  ArsVest-ը: Նախկինում գիտնականներին խանգարում էին  ջուրը եւ փխրուն հողը:

«Ամռանը՝ նախորդ երկու գիտարշավների ժամանակ, մենք խառնարանի ներսից բավարար նմուշներ չկարողացանք վերցնել, քանի որ այնտեղ անընդհատ փլուզում էր տեղի ունենում:Այժմ ամեն ինչ քարացել է, եւ մենք կարողացանք ապահով վայրէջք կատարել: Սա ուղղահայաց պատի 16 մ է», - մեջբերում է աղբյուրը Արկտիկայի յուրացման ռուսական կենտրոնի տնօրեն Վլադիմիր Պուշկարյովի խոսքերը:

Սառույցի, ջրի եւ գազերի վերցված նմուշները ուսումնասիրվելու են լաբորատորիաներում, հնարավոր է՝ արտասահմանցի գիտնականների մասնակցությամբ:

Նախորդ արշավների համեմատ խորշի տեսքը մի փոքր փոխվել է: Խառնարանն աստիճանաբար լցվում է ջրով եւ ձնով: Գիտնականները կարծում են, որ հաջորդ տարի առեղծվածային խորշի վայրում սովորական լիճ կհայտնվի:

Յամալում խորշը հայտնաբերվել է Բովանենկովսկի նավթագազային հանքավայրի հարեւանությամբ: Ըստ մասնագետների՝  այն առաջացել է բնական գործընթացների հետեւանքով, որոնց մանրամասները դեռ պետք է պարզել: