Ուկրաինայում մալայզիական Boeing 777-ի վթարի պատճառների հետաքննությունը կավարտվի 2015թ. օգոստոսից ոչ շուտ, գրում է «Ռոսիյսկայա գազետան»՝ մեջբերելով Ավստրալիայի արդարադատության նախարար Մայքլ Քինանի խոսքերը:
Ըստ աղբյուրի՝ Դոնեցկի մերձակայքում ավիավթարի պատճառների քննությանը մասնակցող երկրները որոշել են քննությունը երկարաձգել ինն ամսով:
«Ավստրալիան մտադիր է այնքան երկար աշխատել, որքան հնարավոր է՝ վթարի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար», - ասել է Քինանը: Ավստրալացի փորձագետները ծրագրում են շարունակել աշխատել վթարի վայրում, երբ թույլ տան անվտանգության պայմանները:
«Մալայզիական ավիաուղիներին» պատկանող Boeing-777 ինքնաթիռը կործանվել էր հուլիսի 17-ին Ուկրաինայում: Օդանավում գտնվող բոլոր 298 ուղեւորները զոհվել էին: Կիեւի իշխանությունները մեղադրել էին աշխարհազորայիններին, վերջիններս էլ հայտարարել էին, որ նման բարձրությունում օդանավ խփելու միջոցներ չունեն:





























