Ադրբեջանի սադրիչ քաղաքականությունը, որը հերթական անգամ սրում է իրադրությունը հակամարտության գոտում , ստանալու է իր արժանի պատասխանը: Այս մասին ասվում է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հայտարարության մեջ:

«Մենք խորը վիշտ ենք ապրում կատարվածի համար, ցավակցում ենք զոհվածների հարազատներին ու սգում նրանց հետ միասին:

Ադրբեջանի սադրիչ քաղաքականությունը, որը հերթական անգամ սրում է իրադրությունը հակամարտության գոտում , վստահ եմ, ստանալու է իր արժանի պատասխանը մեր զգոն ու փորձառու պաշտպանական բանակի կողմից: Մեր հակառակորդը իր տեսակին չի դավաճանում` թիկունքից, դարանից խփող, անզեն, քնած մարդուն կացնահարող, մարդասպանին հերոսացնող` աշխարհը վաղուց նրան այդպես է ճանաչում եւ պետք է դադարի միջազգային, այդ թվում եւ եռանախագահների փաստաթղթերում հավասարության նշան դնել, կամ հավասար վերաբերմունք ցույց տալ, այլ օբյեկտիվ գնահատական պետք է տա»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղաադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Նախնական տեղեկություններով՝ երեք օդաչու զոհվել է, ուղղաթիռի հրամանատարն էր մայոր Սերգեյ Սահակյանը, մահացած մյուս երկու զինծառայողներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը: