Ամերիկացի ոստիկանների կողմից սպանված մարդկանց թիվը վերջին 20 տարում առավելագույն մակարդակի է հասել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Հետաքննությունների դաշնային բյուրոյի տարեկան հաշվետվությունը:
Ըստ աղբյուրի՝ ոստիկանների ձեռքից մահացու վիրավորում ստացած քաղաքացիների թիվն աճում է երրորդ տարին անընդմեջ: 2013թ. իրավապահների զոհ է դարձել 461 մարդ:
Մասնագետները առայժմ չեն կարողանում բացատրել տվյալ միտումը: Բացի դրանից, ուսումնասիրողները պնդում են ազգային տվյալների բազա ստեղծելու անհրաժեշտությունը, որի շնորհիվ հնարավոր կլինի ամբողջությամբ պատկերացում կազմել ընթացիկ իրավիճակի մասին:
Գործակալությունը հիշեցնում է, որ ոստիկանության աշխատակիցների կողմից զենք կիրառելու վերջին աղմկահարույց դեպքը տեղի էր ունեցել օգոստոսի 9-ին: Միսուրի նահանգի Ֆերգյուսոն քաղաքում ոստիկանը սպանել էր 18-ամյա սեւամորթ դեռահաս Մայքլ Բրաունին: Այս միջադեպը դարձել էր բողոքի զանգվածային ցույցի պատճառ՝ երկրի սեւամորթ բնակչության շրջանում, որոնք ոստիկաններին մեղադրել էին սեամորթ բնակչության նկատմամբ ունեցած վատ վերաբերմունքի մեջ:




























