Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինշը դեմ է պետության ղեկավարի համաժողովրդական ընտրության վերաբերյալ առաջարկին: Այս մասին նա հայտնել է տեղական «Իռ» ամսագրի հետ զրույցում:

«Ես հստակ սահմանում չլսեցի՝ իրոք մենք խորհրդարանականից անցնում ենք նախագահական հանրապետությա՞ն: Ես կարծում եմ, որ դրա կարիքը չկա, եւ ինձ համար դա անընդունելի է»,- ասել է Բերզինշը:

Լատվիայի Սահմանադրության համաձայն՝ նախագահին ընտրում են սեյմի պատգամավորները: Պետության ղեկավարը միայն ներկայացուցչական գործառույթներ ունի, գործադիր իշխանությունն ամբողջությամբ պատկանում է կառավարությանը, օրենսդիրը՝ խորհրդարանին: Միեւնույն անձը 8 տարուց ավելի չի կարող գլխավորել պետությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Լատվիայի սեյմը նախկինում բազմիցս մերժել էր երկրի ռուսախոս բնակչության շահերը ներկայացնող «Համաձայնություն» սոցիալ-դեմոկրատական ընդդիմադիր կուսակցության առաջարկությունը՝ հանրապետությունում նախագահի համաժողովրդական ընտրություններ անցկացնելու մասին:

Ըստ ավելի վաղ հրապարակված սոցհարցումների տվյալների՝ Լատվիայի բնակչության 78% -ը կողմ է նախագահի համաժողովրդական ընտրություններին: Դեմ են  հարցվողների 16% -ը:

Ներկայիս նախագահի լիազորությունների ժամկետը  լրանում է 2015 թ.: Բերզինեշը դեռ որոշում չի կայացրել՝ ներկայացնելու է արդյոք իր թեկնածությունը երկրորդ անգամ: