ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդյե Բուրկհալտերը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի շփման գծում ուղղթիռի ոչնչացման կապակցությամբ: Նա Ադրեջանի եւ Հայաստանի նախագահներին կոչ է արել բոլոր հնարավոր քայլերը ձեռնարկել նմանատիպ միջադեպերը կանխելու եւ հրադադարի ռեժիմը պահպանելու ուղղությամբ:
ԵԱՀԿ-ի նախագահը հատկապես ցավալի է համարում այն հանգամանքը, որ այս տարվա բռնության ալիքները հանգեցրել են զոհերի աննախադեպի թվի: «Հրադադարի ռեժիմի խիստ պահպանումը եւ ստանձնած պարտավորությունների նկատմամբ հարգանքը անփոխարինելի են վստահության մակարդակի ձեռքբերման համատեքստում, որն անհրաժեշտ է հակամարտության կարգավորման շուրջ համաձայնություն կնքելու համար», - ասել է նա:
Վկայակոչելով Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը՝ Բուրկհալտերը դրական է գնահատել օգոստոսի 10-ին կայացած Սոչիի հանդիպումից հետո բարձր մակարդակում շփումների հաճախակիությունը եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին երկխոսությունը կոչ է արել շարունակել երկխոսությունը:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ երեկ՝ նոյեմբերի 12-ին, ղարաբաղաադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ:




























