Դուք, ձեր կառավարության ղեկավարը, այլ անդամներ, որոնց մասին խոսել եմ, կառավարության կաբինետներում նստած ափաշկարա միլիոններ եք աշխատում, ուրիշ բան չեք անում, հետո էլ ասում եք՝ մենք հանվելու խասիաթ չունենք, կներեք, իսկ շատ կսխալվե՞նք, որ ձեր արածը անվանենք կոռուպցիոն սթրիփթիզ, որ ցույց եք տալիս ժողովրդի աչքի առաջ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին:

«Ժողովուրդը ձեր սթրիփթիզից ահագին գրգռված է, և եթե առաջիկայում չվերանայեք ձեր հարաբերությունները ՀՀ-ի ու նրա ժողովրդի հետ, վաղ թե ուշ ստիպված կլինեք հանվել»,- նշեց նա:

ԱԺ նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ  2015թ-ի պետական բյուջեի նախագծի հիմքում ոչ մի ռազմավարական ծրագիր չկա և, ըստ էության, գործ ունենք «անողնաշար» բյուջեի հետ: «Կառավարությունն արձանագրել է, որ գազի ու հոսանքի գինը թանկացել է, դե  ուզած-չուզած պետական մարմինների գազի, հոսանքի փողը պիտի տանք, մի քանի կոպեկ էլ տանք թոշակառուներին, ուսուցիչներին, որպես փոխհատուցում, սա կառավարության մոտեցումն է: Բյուջեի  նախագծում ոչ մի խոսք չկա աղքատության հաղթահարման նպատակային ցուցանիշների մասին. Չի ասվում է, թե այսօր աղքատությունն ինչքան է և 2015թ-ի բյուջեի ավելանալո՞ւ է, թե՞ պակասելու»,-ասաց նա: Ընդդիմադիր պատգամավորը շեշտեց, որ 

ՀՀ-ն հայտնվել է տոկոսի տակ ընկած գյուղացու կարգավիճակում, որ էս բանկից վարկ է վերցնում մյուս վարկը մարում եւ այլն: Նա  2015թ-ի բյուջեի նախագծում մի քանի արտառոց փաստեր գտավ, օրինակ, սահմանամերձ Չինարի, Բարեկամավան, Դովեղ համայքների դոտացիան նախորդ տարվա նկատմամբ նվազել է, իսկ որոշ սահմանամերձ գյուղերի համար աննշան չափով է ավելացել:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Կառավարությունը պետք է ապացուցի, որ գիտակցում է սահմանապահ համայնքներում արտակարգ միջոցներ ձեռնակրելու կարեւորությունը, քանզի խոսքը հայոց բանակի թիկունքային առաջին գիծը ամրապնդելու մասին է: «Հույս ունեմ, որ Կառավարությունը գիտակցում է՝ սա ոչ իշխանական եռյակի դեպքը չի, որ ամառը ասեն՝ աշուն, աշունը ասեն՝ ձմեռ, ձմեռը ասեն՝ գարուն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Պատգամավորը խոսեց նաեւ ոչ իշխանական ուժերից մի քանի ներկայացուցիչների ԱԺ-ում ունեցած հայտարարության մասին:

«ԲՀԿ-ն ասում է՝ այս կառավարությունը նախորդից ծանր ժառանգություն է ստացել, կներեք՝ ես էի այստեղ նստած նախորդ կառավարության օրինագծերը անցկացնո՞ւմ, ես չէի, վարչապետի պաշտոնում գտնվող Հովիկ Աբրահամյանն էր: Ի դեպ գործող կառավարության անդամներից տասը նախորդ կառավարությունում աշխատել են հենց կառավարության անդամ:  Տիգրան Սարգսյանի ձախողած կառավարության գործունեության ժամկետի ուղիղ 70 տոկոսում ԲՀԿ-ն էլ եղել է կառավարող կոալիցիայի անդամ, նենց որ ԲՀԿ-ի գործընկերները թող իրենց մասին, ոչ թե Հովիկ Աբրահամյանի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

ՀԱԿ պատգամավորը առաջարկեց նաեւ քննարկել կառավարության անդամների մոտիվիացիաները: Նրան հետաքրքրում է՝ ինչո՞ւ է միլիոնատեր Գագիկ Խաչատրյանն աշխատում ֆինանսների նախարար, որ իշխանության լծակներն օգտագործելով՝ իր բիզնեսներին տանիք կանգնի:

«Դուք  որպես կառավարության անդամ գիտակցում եք՝ ի՞նչ է նշանակում տարիներով նոր շոր չունենալ, տարիներով երեխեքի համար նոր շոր չառնել, պարոն Խաչատրյան, ի՞նչ է նշանակում «ես» լրագրողների մոտ հանվելու խասիաթ չունեմ, էդ ի՞նչ խոսելու ձեւ է, փորձում եք ԱԺ ամբիոնից գողական գնալ,ես Ձեզ խորհուրդ չեմ տա այդ բառապաշարով հետս խոսել. որովհետեւ Դուք կոռումպացված կառավարության կոռումպացված ներկայացուցիչ եք եք, իսկ ես՝ ընտրված պատգամավոր, իսկ իմ հետ այդպես խոսելը նշանակում է այդպես խոսել իմ ընտրողների հետ, իսկ իմ ընտրողների հետ այդպես խոսացողը չափազանց ծանր գին կվճարի»,- ասաց Փաշինյանը: