ՀՀ տրանսպորտի նախարարությունը կմասնակցի գազի բալոնների լիցենզավորման գործընթացի ուսումնասիրմանը: Այս մասին նոյեմբերի 13-ին կառավարությունում լրագրողներին հայտնել է տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը՝ պատասխանելով հարցին, թե մասնակցելու է արդյոք վարչապետի հանձնարարականի կատարմանը: «Այդ թվում եւ մենք»,- ասել է Բեգլարյանը:

Նշենք, որ կառավարության այսօրվա նիստը սկսելուց առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցություն է հայտնել Երեւան-Գյումրի մայրուղում նոյեմբերի 10-ի ողբերգական վթարի կապակցությամբ: Նա նաեւ կոչ է արել հատուկ ուշադրություն դարձնել մեքենաներում գազի բալոնների լիցենզավորմանը  (հանրապետության մեքենաների շուրջ 90%-ը գազով է) եւ հանձնարարել է մեկ ամսվա ընթացքում համակողմանի լուծումներ ներկայացնել:  

Հիշեցնենք, նոյեմբերի 10-ի երեկոյան՝ ժամը 19։15-ի սահմաններում, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Շիրակի մարզում. Երևան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել էր «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետեւանքով «Գազելը» պայթել էր։ 7 մարդ տեղում մահացել էր: «Գազելին» բախված «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը  ձերբակալված է։