Հայաստանի ՊՆ վարչական համալիրում նոյեմբերի 13-ին անցկացվեց կլոր սեղան-քննարկում «ՆԱՏՕ-ի փոխգործունակության հարթակ» խորագրով նոր նախաձեռնության շուրջ: «Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթ» ամենամյա միջոցառման շրջանակներում անցկացված այս միջոցառումը համատեղ կազմակերպել էին ՀՀ պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարությունները:

Կլոր սեղանի ընթացքում քննարկումներ ծավալվեցին միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանմանն ուղղված բազմազգ ջանքերում Հայաստանի Հանրապետության ներգրավվածության եւ պաշտպանական բարեփոխումների ուղղությամբ «Փոխգործունակության հարթակի» ընձեռած հնարավորությունների շուրջ:

Ելույթներով հանդես եկան Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպանները, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների ռազմական կցորդները, պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարությունների բարձրաստիճան ներկայացուցիչները: