Չեմ կարծում, թե մոտ ապագայում Եվրասիական միությանը ինչ-որ բարդ եւ հակասական հարաբերություններ են սպասվում տվյալ միավորման ներսում, եւ Հայաստանին այդ ճանապարհին լուրջ կամ անսպասելի փորձություններ են սպասվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Թամարա Գուզենկովան՝ պատասխանելով հարցին՝ հնարավոր է արդյոք, որ Ադրբեջանի եւ Ղազախստանի ջերմ հարաբերությունները ԵՏՄ շրջանակում  ազդեն Հայաստանի հետ հարաբերությունների վրա:

Ըստ Գուզենկովայի՝  ԵՏՄ-ն հարթ չի ստեղծվել, երկար տարիներ գործել են նաեւ այլ ինտեգրացիոն միավորումներ, մասնավորապես՝ ՄՄ-ն, որից էլ առաջացել է ԵՏՄ-ն: «ՄՄ-ն այն հարթակն է, որի վրա էլ մշակվել է բանակցային բաղադրիչը: Յուրաքանչյուր երկիր ունի իր  ազգային շահերը, եւ այս իմաստով Ղազախստանը տարբերվում է Բելառուսից, իսկ Բելառուսը՝ Ռուսաստանից, եւ բացառապես նորմալ գործնական հարաբերությունների ընթացքում  փոխզիջում գտնելը բնական է: Կարծում եմ՝ Հայաստանը կմիանա այս գործընթացին,  քանի որ լուրջ հակասություններ չկան: Միությունում համապատասխան հանձնաժողովներ կան, կա բանակցությունների  եւ ազգային շահերը հաշվի առնելու հնարավորություն, այդ պատճառով էլ  Հայաստանին զարգացման կարեւոր  հեռանկարներ են սպասվում, եւ դրանք կգերազանցեն այն հնարավոր դժվարությունները, որոնք, բնականաբար, չեն կարող չլինել, երբ նոր նախագծեր են սկսվում»: