Ընդդիմությունը թող չփորձի իր օրինակով գայթակղել իշխանություններին եւ հրաժարականի կոչ անել: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, խորհրդարանում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հայտարարությունը: Վերջինս իշխանություններին կոչ էր արել հրաժարական տալ: «Ընդդիմությունը կգնահատի այդ ռոմանտիկ պոռթկումը», - հավաստիացրել էր նա:
Ի պատասխան՝ Շարմազանովը հայտարարեց, որ ավելորդ ռոմանտիզմը խանգարում է ոչ միայն իշանությանը եւ ընդդիմությանը, այլ նաեւ ողջ հասարակությանը: «Մենք կուշտ ենք նման ռոմանտիզմով: Դուք արդեն վաղուց եք հրաժարական տվել, ուստի մեզ մի գայթակղեք ձեր հրաժարականներով: Մի կարծեք, որ ներկայիս իշխանությունը ժամանակավոր է: Կառավարությունն ունի հստակ ծրագիր, որով եւ առաջ է շարժվում», - հավելեց ԱԺ փոխնախագահը:




























