Ադրբեջանի մամուլի խորհրդի նախագահ Աֆլաթուն Ամաշեւը անհրաժեշտ է համարում բացահայտել հայկական ուղղաթիռի կործանման տեսագրության «արտահոսքի» աղբյուրը:

Ինչպես նշել է Աֆլաթուն Ամաշեւը, վերջինս նորմալ է ընկալում, որ զորքերի շփման գծում Հայաստանի ռազմական ուղղաթիռի խոցման միջադեպը գրավել է ադրբեջանական լրատվամիջոցների ուշադրությունը: «Ես նաեւ հասկանում եմ այդ պահի տեսագրությունը տարածելու լրատվամիջոցների եւ լրատվական պորտալների ցանկությունը: Սակայն այս հարցում չի կարելի շտապողականություն դրսեւորել: Հարցի շուրջ անհրաժեշտ է լուրջ ճշգրտումներ անել պաշտպանության նախարարությունից: Սկզբնաղբյուրը պետք է լիներ պաշտպանության նախարարությունը: Ուղղաթիռի կործանման պահը ոչ մի լրագրող չէր կարող նկարահանել: Հարց է ծագում՝ այդ ինչ եղանակով է տեսագրությունը հայտնվել մեդիայի ձեռքում: Կարծում եմ, որ այդ հարցը պետք է լրջորեն հետաքննության ենթարկվի: Ոչ կոմպետենտության կամ չարաշահման դեպքը պետք է վերացվի: Հարցի շուրջ պետք է համալիր մոտեցում ցուցաբերել», - հայտարարել է պաշտոնյան:

Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները բազմաթիվ անգամներ փորձել են Սիրիայում եւ Իրաքում նկարահանված կադրերը ներկայացնել՝ որպես «ղարաբաղյան իրադարձություններ»: