Մոսկվան Հայաստանին եւ Ադրբեջանին հիշեցնում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ իրենց ստանձնած պարտավորությունների մասին: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ-ի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղում ուղղաթիռի կործանման միջադեպը: «Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարություններին հիշեցնում ենք Սոչիի, Նյու-Պորտի եւ Փարիզի հանդիպումների ժամանակ հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնումների շուրջ ստանձնած պարտավորությունների մասով իրենց պատասխանատվության մասին», - հայտարարել է Լուկաշեւիչը:

Նա նաեւ ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին եւ հակամարտության կողմերին կոչ է արել «խուսափել տարածաշրջանում լարվածության էսկալացիային տանող քայլերից»:

Նախօրեին ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Միջադեպն արդեն դատապարտել են ԵԱՀԿ ՄԽ-ն, Հայաստանի ԱԳՆ-ն, ԵՄ-ի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչները: