Ցանկալի կլիներ, որ խորհրդարանի պատգամավորների 1/6 մասը կանայք լինեին: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին խորհրդարանում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության նախագահ Ռուբեն Հակոբյանը: Նա ասաց, որ «բոլոր գենդերային հարցերի շուրջ չի ծափահարում», սակայն խորհրդարանում կանանց դերը պետք է մեծացնել: «Ես եղել եմ գերագույն խորհրդի պատգամավոր, եւ կարող եմ ասել, որ այնտեղ կանայք շատ ավելին էին, քան ժողովրդավարական Հայաստանում», - ընդգծեց Հակոբյանը: Նա հավելեց, որ նման հարաբերակցությունը նաեւ տեսողական պատկերացում է տալիս նիստերի դահլիճում հավասարության մասին:

Ի պատասխան՝ ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը հայտարարեց, որ պատգամավորների թվում տղամարդիկ այսպես թե այնպես պետք է գերակշռեն: «Մեր խմբակցության կանանց շրջանում այս թեմայով քննարկումներ եղել են, եւ մենք նման մոտեցումը համարում ենք ճիշտ եւ արդարացի»:

«Դե ինչ, տղամարդիկ գովաբանում են կանանց, կանայք գովաբանում են տղամարդկանց: Շատ լավ է», - կարծիքների փոխանակումը եզրափակեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: