Պնդումը, թե Ղազախստանը դեմ է արտահայտվել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, որեւէ հիմք չունի, այն չի համապատասխանում իրականությանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Ղազախստանի իշխող «Նուր Աթան» կուսակցության հասարակական քաղաքականության ինստիտուտի փոխտնօրեն Սերիկ Կոժկենովը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ Ադրբեջան-Ղազախստան ջերմ հարաբերությունները ազդում են ԵՏՄ-ում Հայաստանի հետ իրենց հարաբերությունների վրա:
«Մայիսին Աստանայում ԵՏՄ-ի մասին պայմանագրի ստորագրման ժամանակ Ղազախստանի նախագահը չի առարկել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը: Նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը միայն ասել է, որ Հայաստանը, ինչպես ԱՀԿ-ին անդամակցելիս, ԵՏՄ-ին նույնպես անդամակցի ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով: Երբ դա հնչել է, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը համաձայն է եղել: Որոշվել է, որ Հայաստանը ԵՏՄ է մտնում այն սահմաններով, որոնք ճանաչում է միջազգային հանրությունը»,-ասել է քաղաքագետը:
Կոժկենովի խոսքով՝ Ղազախստանը կողմ է Հայաստանի հետ ավելի ինտենսիվ համագործակցությանը եւ ոչ մի հակասություն չկա: «2015-ի հունվարի 1-ից Հայաստանը ԵՏՄ մյուս անդամների հետ հավասար իրավունքներ կունենա: Ղազախստանի ու Հայաստանի հարաբերությունները բարեկամական են»,-ընդգծել է քաղաքապետը:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ Ղազախստանը Հայաստանի եւ ԼՂՀ-ի միջեւ մաքսակետ տեղադրելու նախաձեռնությամբ հանդես գա, Կոժկենովը նշել է. «Այդ հարցը նույնպես ոչ մի հիմք չունի»:



























