Ես ուզում եմ փրկել ՀՀԿ խմբակցությունը սանձարձակ երիտասարդներից, որոնց տեղը խորհրդարանը չէ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ-ում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ ԱԺ-ում ներկայացնելով Եռյակի կողմից պատրաստված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների օրինագիծը, որով անցում է կատարվում 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի:
ՀՀԿ-ական պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանի դիտողությանը, որ նման կարգը կհակասի Սահմանադրության 62-րդ հոդվածին (ԱԺ ձեւավորումը սահմանվում է Սահմանադրությամբ եւ ԱԺ կանոնակարգով), Հակոբյանն առարկել է, որ ավելի լավ է ըմբռնել առաջարկի էությունը, քան դետալների մեջ թերություններ որոնել:
«Դուք ինքներդ էլ ամաչում եք, երբ տեսնում եք խմբակցության ձեր շատ գործընկերների: Չէ որ դա այդպես է: Տեսեք՝ ինչպես են նրանք արտահայտվում, ինչպես են իրենց պահում նիստերի դահլիճում եւ դրանից դուրս: Ես ուզում եմ փրկել մեզ եւ ձեզ այդ բալաստից: ԱԺ է սողոսկում ով պատահի, այդ թվում միամանդատ օկրուգների միջոցով: Իսկ դուք աչք եք փակում եւ կախում գլուխներդ նրանց արածների համար, իսկ հետո մեղադրում եք ինձ, որ ես մի քիչ ձայնս բարձրացրի ամբիոնի մոտ»,-ասել է Հակոբյանը:




























