Լոնդոնյան ոսկերիչ Լոուրենս Գրաֆը Ժնեւում Sotheby's-ի աճուրդում 8.2 մլն շվեյցարական ֆրանկով (8.6 մլն դոլար) սուտակ է գնել: Ըստ Reuters գործակալության, սա գրեթե երկու անգամ գերազանցել է այս տեսակի քարերի արժեքի ռեկորդը:
«Սա աշխարհի ամենամաքուր սուտակն է»,- հայտարարելէ Գրաֆը, ով հայտնի է նաեւ «ադամանդների արքա» անունով: Հետաքրքիր է, որ նա այս քարը երկրորդ անգամ է ձեռք բերում. առաջին անգամ Գրաֆն ան գնել է 8 տարի առաջ կայացած աճուրդում եւ քարն իր անունով կոչել՝ «Գրաֆի սուտակ»: Ավելի ուշ նա քարը վաճառել էր հույն ձեռներեց Դիմիտրիս Մավրոմատիսին, ում հավաքածուն էլ Sotheby's-ը հանել է աճուրդի:
Թանկարժեք այս քարի առանձնահատուկ արժեքի պատճառը «աղավու արյան» գույն է (վառ կարմիր՝ թեթեւակի յասամանագույն երանգով): Հենց դրա որսն են կազմակերպում ամբողջ աշխարհի թանկարժեք իրերի սիրահարները: «Գրաֆի սուտակն» արդյունահանվել է Մյանմայի «Սուտակի դաշտավայր» անունով հայտնի վայրում: Ըստ ՏԱՍՍ գործակալության, քարը քառանկյուն տաշվածք ունի եւ կշռում է 8.62 կարատ:
8.6 մլն դոլարի պարագայում «Գրաֆի սուտակի» յուրաքանչյուր կարատը մոտավորապես 1 մլն դոլար է: Սա երկու անգամ ավելին է 2011 թվականին սահմանված ռեկորդից: Այն ժամանակ Էլիզաբեթ Թեյլորի թանկարժեք իրերի հավաքածուի վաճառքի ժամանակ, որը կազմակերպել էր Christie's աճուրդի տունը, 8.24 կարատանոց սուտակն այն ժամանակ վաճառվել էր ավելի քան 1.2 մլն դոլարով (512.900 դոլար՝ մեկ կարատի դիմաց):




























