Հայաստանի իշխանությունները ՀԿ-ներին ավելի շատ են աջակցում, քան քաղաքական կուսակցություններին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ-ում հայտարարել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա նշել է, որ տարեկան կուսակցություններն ստանում են 75,7 մլն դրամ, իսկ ՀԿ-ները՝ 100 մլն դրամ:
«Որպես խորհրդարանում ներկայացված կուսակցություն, մենք ստանում ենք այնքան, որքան մեզ բավարարում է միայն գրասենյակի վարձակալության համար եւ վերջ: Եվ այլեւս ոչ մի տեղից կուսակցություններն ու դրանց անդամները չեն կարող ֆինանսավորում գտնել: Նվազագույն անհրաժեշտ դրամական միջոցների բացակայությունը խանգարում է քաղաքական ուժերի կայացմանը»,-հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Նրա խոսքով՝ մեղավորն «իշխանության մենաշնորհն է, նրա լկտիությունը ֆինանսական ու տնտեսական խնդիրներում»:
Իր հերթին, Արծվիկ Մինասյանը հավելել է, որ ԵԽ Վենետիկի հանձնաժողովը, ելնելով Հայաստանի ներկա իրավիճակից, արդարացված է համարում 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցումը, բացի այդ անհրաժեշտ է համարում մեծ ուշադրություն դարձնել ԿԸՀ անկախությանը: Առաջարկվում է, որ ԿԸՀ ղեկավարությունն ընտրվի խորհրդարանի 3/5 ձայներով (այսինքն ընդդիմության պարտադիր ձայներով):



























