Գործարարները լավ կյանքից չէ, որ պատգամավոր են դառնում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ-ում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Նրա խոսքով՝ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու ոչ իշխանական ուժերի նախաձեռնությունը արդարացված է. հանրապետությունում հարյուր հազարավոր կեղծ ընտրողներ կան, իսկ իրականում «մեռած հոգիներ»:
«Ցավոք, լրիվ ուղիղ իմաստով. չգիտես ծիծաղես, թե լաս: Ընտրությունից ընտրություն ընտրողների ցուցակներում մնում են մարդկանց անուններ, որոնք վաղուց կենդանի չեն, բայց որոնք ամեն անգամ «քվեարկում են»: Պարզվում է, որ կյանքից հեռացած մարդիկ նաեւ թոշակ են ստանում: Ողջ մարդիկ, որոնք կազմակերպում են այդ ամենը, հիմա իրենց պատիժն են կրում իրենց արարքների համար»,-նկատել է հակոբյանը՝ նկատի ունենալով Աշխատանքի նախարարության սոցապ ծառայության նախկին ղեկավար, ՀՀԿ-ական վազգեն Խաչիկյանին:
«Ժառանգության» ներկայացուցչի խոսքով՝ այդ ձայները ծառայում են նրանց, որոնք ուզում են իրենց տեղը գնել խորհրդարանում, բայց նրանց էլ մեղադրել չի կարելի: «Նրանք լավ կյանքից չէ, որ պատգամավոր են դառնում, այլ գիտակցելով, որ այլ կերպ չեն կարողանա պաշտպանել սեփական բիզնեսը»,-հայտարարել է ռուբեն Հակոբյանը:
Այսպես, թե այնպես, ներկա համակարգը խթանում է օլիգարխներին համալրել գործող իշխանության շարքերը, որն այդկերպ գրեթե 100-տոկոսանոց բոնուս է ստանում՝ 41 միամանդատ տեղ խորհրդարանում, որը կազմում է ԱԺ-ի 33 տոկոսը, իսկ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելը փակում է այդ ուղին:
«Այո, մենք հասկանում են, որ դա կարող է բարդություններ ստեղծել այն քաղաքական գործիչների համար, որոնք ուզում են ինքնուրույն ընտրվել, ոչ թե որեւէ կուսակցության կողմից: Բայց եկեք քննարկենք ոչ թե վերացական, այլ ներկա իրողությունները հաշվի առնելով: Այդպիսի պատգամավորներ իհարկե կան, բայց նրանք թանգարանային նմուշի պես հազվադեպ են հանդիպում: Մենք հրաշալի հասկանում ենք մեր առաջարկի թերությունները, բայց Հայաստանի պայմաններում դրա օգուտը վնասից անհամեմատ շատ է»,-հայտարարել է Հակոբյանը:



























