Ֆրանսիական ոստիկանությունը եւ փրկարարները որոնում են Փարիզի շրջակայքում փախած վագրին: Միջադեպը տեղի է ունեցել Սենայի եւ Մարնայի վարչական տարածքներում՝ ֆրանսիական մայրաքաղաքից 40 մետր հեռավորության վրա: Որոնումներին նաեւ ուղղաթիռ է ներգրավվել:

Տեղի բնակիչներին խորհուրդ է տրվում տանը մնալ, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Այն մասին, որ Փարիզի մոտակայքում վագր է շրջում, հայտնի է դարձել նոյեմբերի 13-ին: Խանութներից մեկի վաճառողուհին լուսանկարել է կենդանուն եւ այդ մասին հաղորդել կրկեսին: Ընդ որում, մինչ օրս պարզ չէ, թե որտեղից է փախել վագրը:

Սկզբնապես ենթադրվում էր, որ վագրը պատկանում է կրկեսին, որը մի քանի օր առաջ հյուրընկալվել էր այդ վայրում:

Շրջանառվում է նաեւ մեկ այլ վարկած. խնդիրն այն է, որ Մոնտրեւենը շատ մոտ է փարիզյան «Դիսնեյլենդից»: Սակայն զվարճանքների այգում հավաստիացրել են, որ վագրը ոչ մի առնչություն չունի իրենց հետ: