Վաշինգտոնի համալսարաններից մեկի գիտնականները երկար ժամանակ զբաղվել են տելեպատիայի ուսումնասիրությամբ: Եզրահանգումները մասնագետները հրապարակել են «PLOS ONE» պարբերականում: Դրանց համաձայն, համացանցն օգտագործելով՝ մարդիկ կարող են միմյանց մտքեր փոխանցել:

Ըստ Informing-ի, կամավորների դերում հանդես են եկել դեռահասները, որոնց տեղակայել են տարբեր տարածքներում: Նրանց գլխին «տիեզերական սաղավարտներ» անունով սարքեր են դրել: Յուրաքանչյուր սաղավարտում առանձնահատուկ ցուցիչներ են տեղադրել: Առաջին հայացքից դրանք լողորդի գլխարկ են հիշեցրել, որոնք ամրացվել են ուղեղի մագնիսական խթանման գլխիկին:

Կամավորներին առաջարկել են զբաղվել համակարգչային խաղերով: Դեռահասներից մեկը հնարավորություն է ունեցել դիտել մոնիթորը, իսկ մյուսը, ձեռքում ունենալով խաղը կառավարող սարքը, անհրաժեշտ գործողություններն է կատարել, որոնց անհրաժեշտության մասին մտովի տեղեկացրել է խաղընկերը:

Տեղեկությունը փոխանցվել է երկվայրկյանների տարբերությամբ: Բժիշկները հետազոտել են կամավորներին եւ հանգել եզրակացության, որ այդ սարքի կիրառումը չի վնասում էպիդերմիսի շերտերը: