Թուրքմենստանում հնագետները էնեոլիթի դարաշրջանի արհեստանոց են գտել, որտեղ կավե հուռութքներ են պատրաստվել: Բացահայտումը կատարել է թուրքմենա-ռուսական հնագիտական արշավախումբը:

Հայտնաբերվածը բրուտագործական համալիր է՝ բաղկացած արհեստանոցից, չորանոցից եւ վառարանով սենյակից, որտեղ արձանիկներ են կոփվել:

Պեղումներն անցկացվել են Յըլգընլը-դեպեում, որտեղ հնագիտական խումբն աշխատում է տասը տարուց ավելի:

Յըլգընլը-դեպեն Հին Արեւելքի մ.թ.ա. V-IV հազարամյակների կարեւորագույն մշակութային կենտրոն է: Հայտնաբերված կավե ծիսական արձանիկները ներկայումս Թուրքմենիայի կերպարվեստի թանգարանում են պահվում, տեղեկացնում է «Աբիվերդ» պատմամշակութային պետական արգելոցի տնօրեն Ահմեդ Հալմիրադովը:

Պեղումների անցկացման վայրը եւ արդեն պեղված հատվածը բավական հուսալի մեկուսացվել են՝ մինչեւ հաջորդ դաշտային սեզոնը, փոխանցում է «ԵվրոՍՄԻ»-ն:

Հիշեցնենք, Թուրքմենստանում պեղումներով զբաղվում են մոտ տասը արշավախմբեր: Պետության 34 թանգարաններում կենտրոնական տեղ ունեն հնագիտական գտածոները: