Սպիտակ Տան ղեկավար Բարաք Օբաման բացառել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ համագործակցությունը՝ արմատական «Իրաքի եւ Լեւանտի (Շամի) իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում: Այս մասին նա հայտարարել է Ավստրալիայի Բրիսբենում G20-ի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսում: Օբաման հերքել է տեղեկությունը, թե մտադիր է վերանայել ԱՄՆ քաղաքականությունը Սիրիայում:
ԱՄՆ նախագահը նշել է, որ Ասադը «ամբողջությամբ կորցրել է իր լեգիտիմությունը երկրի մեծ մասում, ուստի նրա հետ յուրաքանչյուր համատեղ գործողություն ընդդեմ ԻՊ-ի, կհանգեցնի նրան, որ էլ ավելի շատ սուննի սիրացիներ կթեքվեն գրոհայինների կողմը»,-հայտարարել է նա, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Հիշեցնենք, որ ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորումը Սիրիայի եւ Իրաքի իր գրավյալ տարածքներում այս տարվա ամռանը «խալիֆաթ» է հռչակել: ԱՄՆ-ը իր մի շարք դաշնակից երկրների հետ համատեղ սեպտեմբերի 23-ին սկսել է օդային հարվածներ հասցնել ԻՊ դիրքերին:




























