Շատ դժվար է չտեսնել այն, որ Եվրասիական տնտեսական միություն մտնելով Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը սահմանափակվում են: Այս մասին նոյեմբերի 17-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Ըստ նրա՝ փաստացի նոյեմբերի 14-ին ՍԴ-ի 15-րոպեանոց նիստի արդյունքում որոշում է կայացվել, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը չի հակասում Սահմանադրությանը: «ԵՏՄ-ում գոյություն ունի Եվրասիական տնտեսական հանձնաժողով, որի որոշումները պարտադիր են լինելու Հայաստանի համար: Այստեղ չտեսնել այն, որ սահմանափակվում է Հայաստանի անկախությունը եւ ինքնիշխանությունը, հնարավոր չէ: Սակայն, մյուս կողմից էլ, ի՞նչ պետք է սպասեինք ՍԴ-ից», - հարց է տվել Ռուբեն Մեհրաբյանը՝ հավելելով, որ երկրում խնդիրն ընդհանուր առմամբ իշխանությունն է:

Հիշեցնենք, Հայաստանի ՍԴ-ն նոյեմբերի 14-ին սահմանադրական էր ճանաչել ԵՏՄ-ին երկրի անդամակցության պայմանագիրը: Սահմանադրական դատարանի նիստի ավարտին ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը ընթերցել էր որոշումը, ըստ որի՝ Պայմանագիրը ճանաչվել էր  ամբողջությամբ սահմանադրական: