Ցավալի է, սակայն Հայաստանում դեռեւս տեղի են ունենում դեպքեր, երբ պետական հիմնարկների աշխատակիցներին կարող են հեռացնել աշխատանքից օրենքի կոպիտ խախտմամբ՝ արհամարhելով օրենսդրության տարրական պահանջները:

«Հայինկասացիա» ՓԲԸ աշխատակից Կառլեն Ադամյանին ընկերության տնօրեն Լյուդվիգ Սարգսյանը հունիսի 21-ին ազատել է աշխատանքից՝ անտեսելով Հայաստանի սահմանադրական դատարանի կայացրած որոշումը եւ խախտելով Սահմանադրությամբ  եւ Աշխատանքային օրենսգրքով երաշխավորված` անձի աշխատանքի իրավունքը:

Կառլեն Ադամյանը երկար տարիներ, 1963 թվականից աշխատել է բանկային համակարգում, 1998թ.-ից սկսած աշխատել է «Հայինկասացիա» ՓԲԸ-ում որպես դիսպետչեր-մեխանիկ, իսկ վերջին ամիսներին նաեւ ավտոտնտեսության պետի  ժամանակավոր պաշտոնակատար: Հունիսի 21-ին «Հայինկասացիա» ՓԲԸ տնօրինությունը նրան ազատել է աշխատանքից: Ընդ որում, ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Կառլեն Ադամյանը, ազատումից դեռ տեւական ժամանակ առաջ ընկերության տնօրեն Լյուդվիգ Սարգսյանն ու փոխտնօրեն Հրաչ Մակարյանը  նրան հորդորել են եւ տարբեր միջոցներով ու տարբեր ղեկավարների մակարդակով պահանջել են ազատման դիմում գրել, ինչին ի պատասխան Ադամյանը առաջարկել է հարգել շուրջ կեսդարյա աշխատանքը միեւնույն հիմնարկությունում եւ թույլ տալ աշխատել գոնե մինչեւ 2010 թվականի վերջը, որից հետո հոժարակամ կգրի իրենց ցանկալի դիմումը: Ադամյանի խնդրանքը, սակայն, մնացել է անպատասխան։ Մինչ այդ, Կառլեն Ադամյանը խնդրագիր է գրել, մասնավորապես` հասցեագրված «Հայինկասացիայի» վերադաս` Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահին, որտեղ նշել է իր նկատմամբ կատարվող ճնշումների մասին, սակայն այդ խնդրագիրը անգամ պատասխանի չի արժանացել:  

Ադամյանի պաշտպան Արամազդ Կիվիրյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ «Հայինկասացիա» ՓԲԸ տնօրինությունը ակնհայտ ապօրինություն է գործել՝ Կառլեն Ադամյանին հեռացնելով աշխատանքից: Նախ, ազատման մասին Կառլեն Ադամյանին ծանուցել են ազատման հրամանը տալուց երկու օր անց՝ հունիսի 23-ին, մինչդեռ Հայաստանի Աշխատանքային օրենսգիրքը պարտադրում է դա կատարել ազատումից երկու շաբաթ առաջ, չեն կատարել լրիվ վերջնահաշվարկ, եւ ամենազավեշտալին այն է, որ «Հայինկասացիայի» ղեկավարությունը հրամանում որպես ազատման հիմք վկայակոչել է «Աշխատանքային օրենսգրքի» 113 հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը (Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ՝ աշխատողի կենսաթոշակային տարիքը լրանալու պատճառով), որը դեռեւս 2009թ. փետրվարի 24-ին Սահմանադրական դատարանի որոշմամբ ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը հակասող եւ անվավեր:

Կառլեն Ադամյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ իր պաշտպանն արդեն դատական հայց է ներկայացրել Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: «Ես հրամանը ստանալիս էլ դրա վրա գրել եմ, որ այն ակնհայտ ապօրինի  է: Պահանջելու եմ, որպեսզի ինձ վերականգեն իմ աշխատանքին եւ վճարեն հարկադիր պարապուրդում գտնվելու ժամանակահատվածի համար»,- նշեց ապօրինության հետեւանքով տուժած Կ.Ադամյանը: