ԼՂՀ Զինված ուժերին պատկանող ուղղաթիռի խոցումը հրադադարի ռեժիմի շատ լուրջ խախտում է եւ կարող է մեծացնել զինված հակամարտության ռիսկը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Եվրախորհրդարանի իսպանացի պատգամավոր, Եվրոպական ազատ միության (European Free Alliance) անդամ Ինյակի Իրասաբալբեյտիա Ֆերնանդեսը:
Պատգամավորը վստահ է, որ ադրբեջանական հարձակումը ուղղաթիռի վրա համապատասխան ուշադրության եւ համարժեք դատապարտման չի արժանացել միջազգային հանրության կողմից:
«Հնարավոր է, Ուկրաինայի, Սիրիայի եւ Իրաքի շուրջ ճգնաժամային իրավիճակները օգնում են առաջատար լրատվամիջոցներում երկրորդ պլան մղել Լեռնային Ղարաբաղում ստեղված իրավիճակը»,-ասել է Ֆերնանդեսը:
Անդրադառնալով ադրբեջանական կողմի սադրանքի պատճառներին, նա կարծիք է հայտնել, որ դրա նպատակն այն էր, որպեսզի ստուգեն միջազգային հանրության արձագանքը ԼՂ հակամարտության հնարավոր էսկալացիայի դեպքում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին Ադրբեջանի Զինված ուժերը խոցել են զորավարժությունների մասնակցող ԼՂՀ ռազմական ուղղաթիռը: Ավելին, ադրբեջանական զինվորականները շարունակում են կրակի տակ պահել շփման գծի մոտ ընկած ուղղաթիռը՝ թույլ չտալով արցախյան կողմին մոտենալ նրան: Ուղղաթիռի երեք օդաչուները զոհվել են:




























