Հայաստանում 2010 թ. հունվար-մայիսին գրանցվել է հանցագործությունների 24,3 տոկոս աճ։ Այդ մասին հաղորդում է Ազգային վիճակագրական ծառայությունը՝ հղում անելով ոստիկանությանը։ Ընդհանուր առմամբ Հայաստանում կատարվել է 5911 հանցագործություն։ Հանցագործությունների 42 տոկոսը կամ 2484-ը ոչ ծանր հանցագործություններն են, այստեղ հավելաճը նախորդ տարվա համեմատ կազմել է 35,6 տոկոս։ Երկրորդ տեղում ծանր հանցագործություններն են՝ 1907 (հավելաճը՝ 16,4 տոկոս)։ Տեղի է ունեցել միջին ծանրության 1431 հանցագործություն (հավելաճը՝ 19,6 տոկոս)։ Հանցագործությունների տեսակներից նվազում կա միայն առանձնապես ծանրերի մասով, սակայն ընդամենը 1,1 տոկոսով (89 դեպք)։
Կատարվել է 20 սպանություն, որն անցյալ տարվա ցուցանիշից ցածր է 31 տոկոսով։ Բավական ցածր է բռնաբարությունների թիվը՝ 8, որը անցյալ տարվա համեմատ չի փոփոխվել։

Մեծ աճ է արձանագրվել սեփականության դեմ ուղղված հանցագործությունների մի քանի տեսակների մասով։ Այսպես՝ պետական գույքի հափշտակություններն ավելացել են 2,2 անգամ (ընդամենը 273 դեպք), իսկ անձնական գույքինը՝ 12,5 տոկոսով (1780 դեպք)։  Տեղի է ունեցել պետական գույքի 133 եւ անձնական գույքի 1323 գողություն։ Երկու դեպքում էլ վիճակագրությունն արձանագրում է զգալի աճ։ Փոխարենը մոտ մեկ երրորդով նվազել են ավազակության դեպքերը (ընդամենը 43)։

Այսպես կոչված «քաղաքական հանցագործությունները», այն է՝ հասարակական անվտանգության, հասարակական կարգի եւ բնակչության առողջության դեմ ուղղված այլ հանցագործությունները, աճել են մոտ 40 տոկոսով՝ ընդամենը 99 դեպք։