Միջազգային կազմակերպությունները եւ միջնորդ երկրները չափից դուրս պասիվություն դրսեւորեցին խոցված ուղղաթիռի հարցում: Այս մասին հայտարարել է ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ԵԱՀԿ-ի, ԿԽՄԿ-ի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումը՝ կապված Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ղարաբաղյան ուղղաթիռը ոչնչացնելու հետ:
«Միջազգային կազմակերպությունների եւ միջնորդների վարքը հերթական անգամ ապացուցում է, որ նրանք տեղի են տալիս Ադրբեջանի զոռբայության առջեւ: Ամոթ է, որ նման հեղինակավոր կազմակերպություններն ու գերտերությունները կուլ են գնում հարեւան երկրի անսկզբունք ռազմաքաղաքական ղեկավարությանը: Դա առաջին հերթին նվաստացուցիչ է հենց միջազգային կառույցների համար»,-հայտարարել է փորձագետը:
Արկադի Գրիգորյանը ինչպես միջազգային կազմակերպություններին, այնպես էլ համանախագահող երկրների ղեկավարներին խորհուրդ տվեց տեղի ունեցածին նայել զոհված օդաչուների ընտանիքների դիրքերից: «Դա հսկայական վիշտ է: Այո, հիմա ադրբեջանցիները հաղթանակ են եւ ուրախանում, բայց թող հիշեն՝ ծիծաղում է նա, ով վերջում է ծիծաղում: Կյանքն ամեն բան տեղը կդնի»,-ընդգծեց փորձագետը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի ներկայացուցիչների հայտարարություններին, որ օդաչուների մարմինները չեն վերադարձնում, քանի որ ղարաբաղյան կողմը 2 ամիս չէր վերադարձնում ոչնչացված դիվերսիոն խմբի անդամ Հասան Հասանովի մարմինը, Արկադի Գրիգորյանը հիշեցրեց, որ այստեղ բոլորովին այլ ենթատեքստ է. «Ղարաբաղյան կողմը չէր վերադարձնում ռազմական հանցագործի մարմինը, քանի որ պարզում էր նրա ինքնությունը: Եւ Հասանովի մարմինը դաշտում ընկած չէր, այլ թաղվել է, ընդ որում ԿԽՄԿ ներկայացուցիչների ներկայությամբ: ԴՐանով ղարաբաղյան կողմը մարդկային վերաբերմունք է դրսեւորել հանցագործի հանդեպ»:
Արմադի Գրիգորյանի խոսքով՝ միջնորդները պետք է ամաչեն, որ մի շիզոֆրենիկ միապետ իրենց հիմարի տեղ է դնում: «Նրանց համար դա պատվի հարց է: Առավել եւս, որ արդեն առաջաին տարին չէ, որ այդ կազմակերպությունների հեղինակությունն ընկնում է: Ակտիվ քայլերը կարող էին օգնել նրանց վերանվաճել հայերի վստահությունը: Կարծում եմ, եթե աշխարհի առաջատար երկրներից յուրաքանչյուրի ղեկավարը վերցնել հեռախոսը, զանգահարել Իլհամ Ալիեւին եւ պահանջեր դադարեցնել անմարդկային գործողությունները, վերադարձնել օդաչուների մարմինները, վերջինս չէր համարձակվի հակառակվել»,-ասաց փորձագետը:
Միաժամանակ, նա նկատեց, որ հայերի համբերությունն էլ անսահման չէ: «Այո, հայկական կողմը հարգալից է միջազգային կազմակերպությունների նկատմամբ: Այնքան հարգալից է, որ փրկում է նրանց դեմքը, բայց համբերության բաժակը լցվում է: Գեղեցիկ խոսքերը եւ սթափության կոչերը սպառել են իրենց»,-ամփոփեց փորձագետը:




























