Ղազախստանը կարող է դրական լիցք հաղորդել Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացին: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւը:
«Մենք կարծում ենք, որ Ղազախստանը, որ Ադրբեջանի եւ Հայաստանի հետ ընդհանուր պատմություն ունի, որպես ԵԱՀԿ նախագահ կարող է դրական լիցք հաղորդել բանակցային գործընթացին, Բաքվի եւ Երեւանի միջեւ վստահության ամրապնդմանը: Առավել եւս, որ մենք ունենք այնպիսի կարեւոր ռեսուրս, ինչպես բարձր հեղինակությունն ու վստահությունը, որ հակամարտության կողմերի մոտ վայելում է մեր պետության ղեկավարը»,- ասել է Սաուդաբաեւը, հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը:
Ըստ ԵԱՀԿ նախագահի՝ հակամարտության հետագա չլուծվածությունը խափանում է տարածաշրջանային ծրագրերի իրացմանը: Նա նշել է նաեւ, որ տվյալ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա: «Ամուր խաղաղությունը պետք է ձեռք բերվի միայն փոխզիջման հիման վրա»,- ասել է Սաուդաբաեւը:
Ըստ նախարարի, շատ կարեւոր է, որ միջնորդ պետությունները ցուցադրում են իրական շահագրգռվածություն հակամարտության շուտափույթ կարգավորման մեջ, որի հերթական վկայությունը դարձավ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների կողմից Կանադայում արված հայտարարությունը:
Ըստ Սաուդաբաեւի, Կովկասը կարեւոր դեր է խաղում գլոբալ գործընթացներում, այդ թվում էներգետիկ անվտանգության ապահովման:
«Տարածաշրջանով առաքվում է կասպիական նավթի հիմնական հոսքը: Ներդրողներն անտարբեր չեն անվտանգության եւ կայունության ոլորտում առկա իրավիճակով»,- ասել է Սաուդաբաեւը եւ հավելել, որ Հարավային կովկասում անվտանգությունն ու կայունությունը, ներառյալ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, ԵԱՀԿ-ում Ղազախստանի նախագահության առաջնահերթությունն են:




























